Պատմության մեջ առաջին անգամ Սիրիայում կանցկացվեն այլընտրանքային ընտրություններ: Անկասկած ֆավորիտը գործող նախագահ Բաշար Ասադն է, թեպետ պաշտոնապես ընտրարշավում ներգրավվել է ապրիլի 28-ից: Փաստացի նրա ընտրարշավը սկսվել է շատ ավելի վաղ՝ կարևոր բաղկացուցիչ ունենալով սիրիական բանակի հաղթանակները: Պակաս կարևոր չէ, որ հարյուրավոր ապստամբներ զենքերը կամավոր վայր են դնում և հանձնվում են իշխանություններին: Բոլորովին վերջերս սիրիական ճգաժամը միջազգային ամենասուր խնդիրն էր: ՌԴ և ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարները ժամանակ ու ուժ չէին խնայում լուծելու ապստամբների և իշխանության միջև ծագած հարցերը: Սիրիայի ճգնաժամի նկատմամբ հետաքրքրության համեմատական նվազումը չի նշանակում, որ երեք տարի տևող պատերազմն ավարտվել է: Մարտական գործողությունները շարունակվում են, պարզապես ավելի հաճախ հաղթում են կառավարական զորքերը և ավելի հաճախ են ապստամբները զենքերը վայր դնում առանց կռվի: Զաբադանի քաղաքում ու Քանաքեռ գյուղում հանձնվել են 56 զինյալներ, Էլ-Կունեյտրայում՝ 115, ևս 254-ը տարբեր շրջաններից: Սիրիացիները հոգնել են պատերազմից: Հակամարտության սկզբից 150 հազար զոհ է եղել, որոշ տվյալներով էլ՝ ավելի քան՝ 220 հազար: 2,5 միլիոն սիրիացիներ փախստական են դարձել:
Բաշար Ասադի կառավարման ընթացքում Սիրիան եղել է աշխարհիկ պետություն, ազգային ու կրոնական փոքրամասնությունների իրավունքները պաշտպանվել են: Ընդդիմության չափավորական ուժերը, սակայն, հակամարտության ընթացքում մղվեցին երկրորդ պլան և գլխավոր դերակատար դարձան հարևան երկրներից Սիրիա ներխուժած ջիհադականները, նրանց քաղաքացիական ազատությունները չեն հետաքրքրում: Ալ-Ղաիդայի արմատականները Սիրիան տեսնում են շարիաթի օրենքներով գործող պետություն: Տեսակետների կտրուկ տարբերությունը ընդդիմության ճամբարում բազմիցս հակասությունների ու սպանությունների պատճառ է դարձել: Իրենց ենթակա տարածքներում իսլամն արմատավորելու ջիհադականների փորձերը նրանց դեմ են հանել բնակչությանը, որ տևական ժամանակ չեզոքություն էր պահպանում:
Զիջումների գնաց և Ասադը, երկու տարի առաջ նա նոր սահմանադրության նախագիծ դրեց հանրաքվեի: Սիրիան հայտարարվեց ժողովրդավարական պետություն, բոլոր կուսակցությունները հավասար իրավունքներ ստացան: Սահմանադրությունից հանվեց «Բաաս» կուսակցության մենիշխանությունն ապահովող հոդվածը: 2012-ին ընդդիմադիրները հայտարարեցին, որ Ասադը չափազանց քիչ քայլեր է անում ու հանրաքվեն բոյկոտեցին: Հունիսի 3-ին նշանակված ընտրությունները արդեն որակվում են պատմական: Սիրիայի պատմության մեջ առաջին անգամ քվեաթերթիկում մեկ անուն չի լինելու: Մինչև հիմա նախագահական ընտրությունները Սիրիայում անցկացվում էին իբրև անայլընտրանքային հանրաքվե: Այդ ձևաչափով Բաշար Ասադը նախ ընտրվեց պետության ղեկավար 2000-ին, ապա վերընտրվեց 2007-ին՝ ստանալով ձայների 97,62 տոկոսը: 2014-ին Ասադը կունենա նվազագույնը վեց մրցակից: Նախագահական աթոռի համար պայքարելու ցանկություն են հայտնել Կունեյտրայից իրավագիտության պրոֆեսոր Սամիր Մաալան, դամասկոսցի Մուհամադ Ֆիրաս Ռաջուխը, հոմսեցի Աբդել Սալյամը, ան-Նուրեցի բիզնեսմեն Հասան Աբդուլան և Ալեպոյից կոմունիստ Մահիր ալ Հաջարը, թեկնածուների թվում նաև կին կա՝ լաթաքիացի ինժեներ-մեխանիկ Սաուսան Հադադը: Ընտրության նման բազմազանությունը սիրիացիների համար ժողովրդավարության հաղթանակ է, ճիշտ է, քչերն են կասկածում, որ նրանցից որևէ մեկը Ասադի համար լուրջ մրցակից է: Ընդդիմությունը առաջիկա ընտրություններից դժգոհ է, նրանք արդեն հայտարարել են, որ նախընտրական արշավը ժողովրդավարական չի լինի՝ թեկնածուներին ներկայացված պահանջների պատճառով: Նախագահի թեկնածու կարող է լինել 40 տարեկանից մեծ, վերջին տաս տարին Սիրիայում ապրած անձը: Հաշվի առնելով, որ ընդդիմության առաջնորդներից շատերը տարիներով ապրել են արտասահմանում, նրանք չեն կարող մասնակցել ընտրություններին: Առավել մեծ զայրույթ է հարուցում, որ թեկնածուն կարող է գրանցվել, եթե ստանա խորհրդարանի 35 պատգամավորի համաձայնությունը, քանի որ խորհրդարանը գտնվում է նախագահական «Բաաս» կուսակցության վերահսկողության տակ, Ասադի հակառակորդները ստորագրությունները չեն ստանա: Ընդդիմադիրները մեղադրում են իշխանությանը, որ քվեարկության իրավունքից զրկված են փախստականները, որ մարտական գործողությունների պատճառով հեռացել են երկրից:
Ասադին աջակցում են ոչ միայն հավատակից ալավիները, այլև ազգային ու կրոնական փոքրամասնությունները: Զատկին նա մեկնեց քրիստոնեական սրբավայր Մաալյուլա քաղաքը, որ մեկ շաբաթ առաջ էր ազատագրվել իսլամիստներից: Դա քայլ էր, որ հաստատում էր՝ Ասադը վերադարձնում է իշխանության վերահսկողությունը և շարունակելու է հարգել փոքրամասնությունների իրավունքները: